Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

Եկեղեցին, որպես հոգևոր ու արժեքային համակարգ, ներհասարակական հավասարակշռության վերջին հենարաններից է

Եկեղեցին, որպես հոգևոր ու արժեքային համակարգ, ներհասարակական հավասարակշռության վերջին հենարաններից է
18.10.2025 | 15:22

Քչերը գիտեն, որ նախորդ դարի 1950-60-ականներին ԱՄՆ-ում, որպես հանցագործությունների կանխարգելման կարևորագույն գործիք, օգտագործվում էր եկեղեցին։ Գուցե զարմանաք, բայց այն հաճախ ավելի արդյունավետ էր գործում, քան ոստիկանությունն ու ողջ իրավապահ համակարգը միասին վերցրած։

Ավելին՝ շատ դեպքերում եկեղեցում իրականացվող քարոզները համաձայնեցվում, իսկ որոշ դեպքերում նաև մշակվում էին համապատասխան պետական կենտրոնների կողմից։ Դրանց միջոցով էր նախանշվում, թե ինչ քարոզեն, հատկապես ինչի վրա կենտրոնանան և, ընդհանրապես, հասարակությանը ինչի համար նախապատրաստեն։

Ասածս այն է, որ այսօր երկրի ներսում ստեղծված բարդակխանան, եկեղեցու դեմ հարձակումների և նմանօրինակ ապօրինի ոտնձգությունների ֆոնին, գնալով էլ ավելի է խորանալու՝ վերածվելով քաոսի, որը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Մարդիկ է՛լ ավելի են դառնալու ագրեսիվ, անհանդուրժող ու գազազած։

Այս ամենը, ցավոք, տեղի է ունենում այն ժամանակ, երբ հասարակությունը, առավել քան երբևէ, կարիք ունի ոչ թե բաժանող, այլ միավորող գաղափարների, ոչ թե հակադրությունների, այլ հավասարակշռության։ Եկեղեցին՝ որպես հոգևոր ու արժեքային համակարգ, հենց այդ հավասարակշռության վերջին հենարաններից է, որի թուլացումը կարող է վերացնել նաև ազգային ինքնապահպանման ներքին մեխանիզմները։

Հ.Գ. Ի դեպ, նշածս ժամանակաշրջանում շատ հետախույզներ մշտապես հաճախել են ամենշաբաթյա քարոզներին ու ժամերգություններին և, քանի որ գիտեին, թե որտեղ և ինչպես են դրանք մշակվում, փորձել են կազմել հասարակության տրամադրությունների վերաբերյալ պատկերացումներ և համապատասխան կենտրոններին զեկուցել դրանց մասին։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1445

Մեկնաբանություններ